ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում շարունակում է ներկայացնել առողջության համընդհանուր ապահովագրության կարգն ու շահառուների գործողությունները:
Նախարարը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և մանրամասնել, թե որն է բուժօգնություն ստանալու ճանապարհը:
Հիշեցնենք, որ խորհրդարանը դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստին ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» նախագիծը: Մոտ 1 մլն 400 հազար հոգի ամբողջությամբ կընդգրկվի պետության բյուջետային միջոցների հաշվին առողջության ապահովագրության համակարգում:
Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները:
Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129.600 դրամ:
2026 թվականին պետությունն ամբողջովին վճարելու է մինչև 18 տարեկան երեխաների, ֆունկցիոնալության սահմանափակումներ ունեցող քաղաքացիների, հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող անձանց, սոցանապահով խմբերի, զոհված զինածառայողների ընտանիքների, ինչպես նաև 65+ տարիքի անձանց ապահովագրության գումարը:
200 001 դրամից մինչև 500 000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: