Առողջության համընդհանուր ապահովագրությանն առնչվող բարեփոխման արդյունքում պետության կողմից մոտ 1 մլն 400 հազար հոգի ամբողջությամբ կընդգրկվի պետության բյուջետային միջոցների հաշվին առողջապահության ապահովագրության համակարգում: Այս խմբում առանձնահատուկ են 65+ տարիքի քաղաքացիները, որոնք առաջին անգամ պետության կողմից կստանան ընդլայնված փաթեթ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացնելիս ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Առաջին խումբն ապահովագրավճար վճարողներից կլինեն 201 հազար դրամից ավելի ստացող քաղաքացիները, և 2026 թվականի հունվարի 1-ից նրանց համար ևս կակտիվանա ապահովագրական փաթեթը: Առաջին վճարման պարտավորությունը կլինի մինչև հունվարի 20-ը: Աշխատավարձի հաշվարկային բազայի ամիս ընտրվել է նոյեմբերը: Հունվար ամսին նրանց ապահովագրավճարը վճարելու համար գործատուների կողմից հաշվարկը կիրականացվի դեկտեմբերի վրա:
Այս բարեփոխումը պատմական է, և ՀՀ-ն քայլ է կատարում դեպի կանխավճարային, ֆինանսական բեռը թեթևացնող, կանխատեսելի, առողջապահական կարիքները ճիշտ հասցեագրող համակարգ:
Այո՛, համակարգը ներդրման ընթացքում կունենա վերանայման, շտկման, որոշակի լրամշակման կարիք, և մենք օրենքով էլ նախատեսել ենք, որ առաջին 6 ամիսների ընթացքում մեր մոնիտորինիգի արդյունքներով կամփոփենք և կարիքի դեպքում հանդես կգանք օրենսդրական փոփոխություններով»,- ասաց նա:
Իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ սա շատ կարևոր քայլ է բնակչության առողջապահության ապահովման իմաստով, քանի որ քաղաքացիները, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, այլևս «չեն վախենա հիվանդանալուց»: