ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ՝ քննարկելու Գիտությունների ազգային ակադեմիայից, ՀՀ պետական կառավարման մարմիններից և բուհերից ստացված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Օրակարգում էին նաև «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Կառավարության որոշման նախագծում ընդգրկելու նպատակով առաջարկությունների ներկայացմանը, ինչպես նաև գիտության ֆինանսավորմանը վերաբերող ընթացիկ և հեռանկարային այլ հարցեր:
Նիստին ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով նախագծերի վերաբերյալ քննարկումը՝ հատկապես հայտատու կազմակերպություններին նախատեսվող փոփոխությունների, ինչպես նաև մասնագիտական հանձնաժողովի դիտարկումների վերաբերյալ պատշաճ իրազեկման ու հետադարձ կապի ապահովման առումով:
ԲԿԳ նախագահ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ 2025 թվականին կոմիտեն առցանց համակարգով ստացել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախագծերի 78 հայտ՝ 57 կազմակերպությունից: Սահմանված ժամկետում ստացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նոր նախագծերի 2 հայտ՝ 2 կազմակերպությունից:
Մասնագիտական հանձնաժողովը քննարկել է հայտերը՝ կատարողականի համեմատ վերլուծություններ կատարելով:
Միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և նպատակային-ծրագրային ֆինանսավորման նախագծերին մասնագիտական խորհուրդը տվել է հավանություն։