ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում աշխարհի մոտ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Նրանց շարքում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Ըստ պետքարտուղարությունում Associated Press-ի աղբյուրների՝ նախորդ շաբաթ առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Բոլոր այդ դիվանագետները նշանակվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Ըստ գործակալության՝ այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիովին աջակցում են «Ամերիկան՝ առաջինը» քաղաքականության օրակարգին:
Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել նորությունը՝ նշելով միայն, որ ցանկացած վարչակազմի օրոք փոփոխությունները բնականոն գործընթաց են։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան