ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ISTC ինովացիոն կենտրոնում մասնակցել է ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ կայացած Mini MBA ծրագրի արդյունքների ներկայացման, ամփոփման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է նման ծրագրերի իրականացումը, այս համատեքստում խոսել անկախությունից առաջ և հետո գիտության զարգացման միտումների և փուլերի մասին: Հակոբ Արշակյանի խոսքով՝ Խորհրդային Միության տարիներին դպրոցների, բուհերի և գիտական աշխատանքների, գիտաարտադրական ու արտադրական միավորումների կապը հստակ է եղել: 1990-ականների վերջերին, սակայն, սեփականաշնորհման շրջանակում գիտաարտադրական գործընթացը խաթարվել է, գիտությունն արդյունաբերությունից կտրվել է: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ այժմ էլ գիտության և արդյունաբերության կապը թույլ է, որի պատճառով բազմաթիվ հարցեր են առաջանում հատկապես գիտության ֆինանսավորման արդյունավետության առումով: «Մարդիկ ցանկանում են տեսնել արդյունաբերության հետ կապը: Այժմ նոր ծրագրերով հնարավորություն է տրվում գիտությանն առնչվելու արդյունաբերական զարգացման, տեխնոլոգիաների, ներդրողների հետ, ներկայացնելու գիտնականների գյուտերն ու տեխնոլոգիաները, հնարավորությունները: Միշտ չէ, որ գիտական արդյունքը պետք է գնա արդյունաբերություն, բայց ավելի հաճախ պետք է լինի, որ արդյունավետությունը հնարավոր լինի չափել, և դա ծառայի երկրին, տնտեսությանը, մարդկանց և այդպես շարունակ»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
Ելույթի ավարտին Հակոբ Արշակյանը գնահատել է նմանատիպ ծրագրերը և դրանց կարևորությունն ու հաջողություն մաղթել մասնակիցներին:
Ծրագրի նպատակը բիզնեսի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ հաղորդելն է` մասնակիցներին տրամադրելով առաջնորդության, ռազմավարական մտածողության հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական միջավայրերում հաջողության հասնելու համար:
Միջոցառումից հետո Հակոբ Արշակյանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է ԵՊՀ տվյալների մշակման կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նշենք, որ կենտրոնում տեղադրվել է Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված գերհամակարգիչը: