Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Հանձնաժողովը կոչված է ապահովել պետական լիազորված մարմինների արդյունավետ համագործակցությունը և նշված մարմինների միջև մշտական հաղորդակցությունը` քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների օրենսդրական և գործնական խնդիրների վերհանման, հասցեագրման և գույքագրման, դրանց լուծման արդյունավետ ուղիների որոնման և հստակեցման, ինչպես նաև նշված ոլորտներում տեսլականների քննարկման նպատակով:
Հանձնաժողովի անդրանիկ նիստում ներկայացվել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի լավարկմանն ուղղված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ մուտքի և իրենց վստահորդների հետ հանդիպումների ընթացքում առաջ եկող խնդիրները, ինչպես նաև համակարգային մի շարք այլ հարցեր կապված խափանման միջոցների և պատժատեսակների կատարման հետ։
Ծավալված քննարկման արդյունքում տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել են լուծման հնարավոր ուղղությունները։ Քնարկումը անցկացվել է Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի աջակցությամբ։