Մենք էլ ենք ուսումնասիրել և նկատել, որ շատ դեպքերում կարող է քաղաքացիները խուսափեն ահազանգել: Հանրային հարցումներ ենք արել, դրանց պատճառները մի քանիսն են: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, թե խնդրի դեպքում քաղաքացիները հաճախ խուսափում են զանգահարել ոստիկանություն:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ հաղորդում տալուց հետո ոստիկանության հետ շփումները նվազագույնի հասցնելու մասով նոր լուծումներ կա՞ն: Օրինակ` երիտասարդների մի խումբ շենքի բակում հայհոյում է, բայց շենքից որևէ մեկը չի զանգում ոստիկանություն, որ գան, հասարակական կարգ ապահովեն, այլ իջնում են, «տղավարի» են հարցերը լուծում:
«Հանցավորության կանխարգելման ռազմավարություն է մշակվում, որ առաջիկայում կներկայացվի Կառավարության հավանությանը, և այստեղ անդրադարձ կատարում ենք քաղաքացիների կրթությանը, քաղաքացիական հասարակության վարքագիծ չդրսևորելուն, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից առավել կոմֆորտ իրավիճակում այդ ահազանգերը սպասարկելուն»,- ասաեց նախարարի տեղակալը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ևս անդրադարձավ Ագնեսա Խամոյանի նշած մենթալիտետային խնդիրներին:
«Մենք մեր հանրային ընկալումների մեջ պետք է ձևավորենք իրավական պետության քաղաքացի լինելու կեցվածքը, բայց այդտեղ չեմ կարող չհիշեցնել, որ երբ Ձեր կողմից խանդաղատանքով աջակցվող Վարդան Ղուկասյանը Գյումրիում «Դոլյա վարավսկայա» երգն էր դնում, մեկիդ մտքով անցա՞վ՝ զանգեք Վարդանիկին, ասեք՝ էդ տղավարի, գողական, խուժան բաներիդ վերջը տուր: Սա Հայաստանի երկրորդ քաղա՞քն է, թե՞ ինչն է:
Երբ ասում եք՝ տղավարի-բան, ճիշտ եք ասում, բայց նաև պիտի մեդալի մյուս կողմն էլ նայեք, որ երբ ձեր աջակիցը «Դոլյա վարավսկայան» է դնում Հայաստանի երկրորդ քաղաքի հրապարակում, դրանից ավելի մեծ ապացույց, որ մենք հանրային ընկալումներում խնդիր ունենք և պիտի փոխենք այդ մտածողությունը, դրանից ավելի վառ ապացույց գոյություն չունի»,- ասաց Կոնջորյանը: