Ջրային պարեկները հիշեցնում են, որ նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված է սիգի արդյունագործական որսը: Եվ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաև Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը:
ՆԳՆ ոստիկանությունը ամփոփ ներկայացրել է վերջին օրերին կատարած պարեկների աշխատանքի արդյունքները:
Դեկտեմբերի 11-ին` ժամը 9:45-ի սահմաններում, Կարճաղբյուր-Ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձ տարածքում ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական երկու նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 6:0-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին վաշտի ծառայողները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած «Օփել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 57 կգ քաշով 155 սիգ։
Վարորդն ու մեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11։25-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Գավառի բնակչի վարած «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան։ Ստուգմամբ հայտնաբերվել է 10 կգ-ից ավելի ձկնկիթ։
Տղամարդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Նույն օրը նույն ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մեկ այլ բնակչի վարած «Օփելը», որի սրահում հայտնաբերվել է երկու կիլոգրամից ավելի ձկնկիթ։
Այս դեպքում էլ՝ վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին։
Դեկտեմբերի 15-ին՝ գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում, վաշտի ծառայողները Ծովագյուղ-Շորժա հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Սևանի համայնքային բաժին են տեղափոխել Ծովագյուղի մի բնակչի: Նրա ռետինե նավակում կար 40 հատ սիգ և 9 հատ կարաս տեսակի ձուկ:
Ուժեղացված ծառայությունը շարունակվում է:
«Որսի արգելքն ինքնապատակ չէ: Ուստի կոչ ենք անում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին՝ սպասել մինչև սիգի որսի արգելքի ավարտը: Դրանով դուք ոչ միայն կխուսափեք վարչական կամ քրեական պատասխանատվությունից, այլև կնպաստեք Սևանա լճի ձկնային պաշարների կայուն վերականգնմանը»,- նշվում է հաղորդագրությունում: