ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը:
Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն «Ուղի՝ երեխաների պաշտպանությունն առցանց ռիսկերից և վնասներից» ծրագրի իրագործման նպատակով։
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հաջող համագործակցության համար. «Այսօր կիբեռանվտանգությունը դառնում է ժամանակակից աշխարհի ամենալուրջ մարտահրավերներից մեկը, և պատշաճ գործիքակազմերի ներդրումը, մարդկային կարողությունների զարգացումն ու համակարգային մոտեցումը մեզ կմոտեցնեն պաշտպանվածության ավելի բարձր մակարդակի: Մենք այս ուսումնական տարին անվանել ենք «Ապահով և անվտանգ կրթական միջավայրի տարի»: Հետևողական ջանք ենք ներդնում դպրոցներում մեծացնելու իրազեկվածությունը՝ կիբեռանվտանգության և վիրտուալ տարածքում հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ»:

Նրա խոսքով՝ կրթական համակարգի գլխավոր մարտահրավերը տեխնոլոգիաների ճիշտ կիրառումն է. մեդիագրագիտության ու կիբեռգրագիտության դասընթացները և նախագծային աշխատանքները հնարավորություն են տալիս դպրոցներում քննարկելու հնարավոր վտանգներն ու ռիսկերը՝ բարձրացնելով նաև իրազեկվածությունը. «Մենք պետք է կարողանանք գտնել տեխնոլոգիաները կրթական համակարգում գրագետ օգտագործելու ձևերը, որովհետև ակնհայտ է՝ տեխնոլոգիական կրթությունը և տեխնոլոգիական գրագիտությունը դառնում են ժամանակակից մարդու գրագիտության չափանիշ, և այդ գիտելիքը պետք է դարձնենք ամենօրյա գիտելիքի բաղադրիչ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Կիբեռանվտանգության և կիբեռգրագիտության ուղղությամբ արվող աշխատանքների համար, ըստ Ժաննա Անդրեասյանի, լավ հիմք կարող են համարվել «Արմաթ» խմբակները, որոնք արդեն իսկ ձևավորված են դպրոցների մեծ մասում: Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև կիբեռանվտանգության պարտադիր խմբակի կամ դասընթացի մշակման նախագիծը, որը կարող է իրականացվել գործընկերների հետ համագործակցությամբ:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, առանձնակի կարևորելով երեխաների, դեռահասների, երիտասարդների կիբեռպաշտպանությունը պատշաճ կերպով կազմակերպելու հարցը, նշել է. «Հուշագրի ստորագրումն անչափահասների պաշտպանության, կիբեռանվտանգության, կիբեռգրագիտության համատեքստում ամիսներ արվող աշխատանքների տրամաբանական շարունակությունն է: Կառավարության հանձնառությունն է՝ տեղային և միջազգային գործընկերների աջակցությամբ շատ արագ և սթափ արձագանքել աշխարհում տեղի ունեցող դինամիկ տեղաշարժերին, որոնք պայմանավորված են տեխնոլոգիաների արագընթաց զարգացմամբ: Մենք նաև պատասխանատվություն ենք կրում մեր երեխաների կիբեռպաշտպանության համար»:
Հուշագրի շրջանակում «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ստորագրել են ֆինանսավորման համաձայնագիր։
.jpg)
Նրանք ևս հանդես են եկել ելույթով՝ մերօրյա մարտահրավերներին դիմակայելու նպատակով կարևորելով ջանքերի համախմբումը և պատշաճ պատրաստվածությունը:
Նախարարությունից հայտնում են, որ անչափահասների առցանց անվտանգության և պաշտպանության ապահովման աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով 2025 թվականի ապրիլին ստեղծվել է աշխատանքային խումբ։ Խմբի ղեկավարը ԲՏԱ նախարարն է. կազմում ընդգրկված են ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության և ներքին գործերի նախարարների տեղակալները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը։