Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հանդիպմանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Արսեն Մկրտչյանը։
Նշելով, որ Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունն էապես նպաստել է Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է նոր նախաձեռնությունների հնարավորությամբ համագործակցության շարունակականությունը։
Պատվիրակության անդամներ՝ հիդրոօդերևութաբանության գծով խորհրդատուներ Հալեհ Քուվայթը, Վլադիմիր Ցիրկունովը և քաղաքաշինության մասնագետ Նորա Միրզոյանը ներկայացնելով Համաշխարհային բանկի առանցքային ծրագրերը՝ ընդգծել են, որ դրանցում առանձնահատուկ կարևորություն է տրվել հիդրոօդերևութաբանության, կլիմայական և վաղ ազդարարման համակարգերի կատարելագործմանը:
Որպես վաղ ազդարարման և ռիսկերի կառավարման համակարգի առաջնահերթություն՝ քննարկվել են կարողությունների զարգացման, արդյունավետ կառավարման և միջգերատեսչական համագործակցության ամրապնդման հարցեր:
Անդրադառնալով հիդրոօդերևութաբանության ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզով նախատեսված գործողություններին՝ առանձնացվել են այն առաջնահերթությունները, որոնք ուղղված են կլիմայական ռիսկերի պայմաններում Փրկարար ծառայության և այլ գերատեսչությունների միջև վաղ ազդարարման, ինչպես նաև հանրային իրազեկման ապահովմանը։ Ընդգծվել է, որ այդ գործողություններն առանցքային են ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու և բնական աղետներին դիմակայելու կարողություններն ամրապնդելու համատեքստում։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ժամանակակից համակարգերի զարգացումը կնպաստի ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ ապահովելով դիմակայուն առաջընթաց։