«Հայաստանյան քաղաքական հորիզոնում իրենց տեղը գտնել փորձող նորելուկ գործիչները կայանալու համար կիրառել են այլ «կոլեգաների» կողմից ներդրված ու մոդայիկ դարձած թրենդը՝ «ընտրական երթը» սկսելով Սյունիքից, մարզում երբևէ չեղած, մարզից անտեղյակ դրսի լսարանի համար հնչեցնելով դիտումներ, ազդեցություն ու «լայքեր» ապահովող Սյունիք բառը․․․»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Շարունակեով խոսքը՝ մարզպետն անդրադարձել է քարոզչական էժան տեխնոլոգիաների կիրառմանը, նաև, ի հակադրություն դրանց, Կառավարության կողմից իրականացված և իրականացվող ծրագրերին։
«Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերները հենց մեր մարզից սփռելու ակնկալիքները քիչ թե շատ մտածող մարդու, հատկապես Սյունիքում ապրող, այստեղ ամենաակտիվ բաբախող զարգացման տեմպը զգացող քաղաքացու համար պարզ են․ սենսացիոն ու իրականությունը խեղաթյուրող վերնագրերը անտեղյակների համար են․․․
Վաղուց ոչ արդիական քարոզչական տեխնոլոգիաների էժան կիրառումները անտեսող սյունեցին գիտի, որ նախկինում դարուփոսերով ճանապարհներով իր մարզ ու համայնքներ հասնելու փոխարեն այսօր բարեկարգ մայրուղիներ ունի․․ Հա, ի դեպ, նույն նորակառույց ճանապարհներով հենց քաղաքական հյուրախաղերի եկածներն էլ են մարզում շրջում, վստահ եմ՝ մտքում գոհանում, իսկ նկարահանվելիս ընտրում այն, որին դեռ հերթ չի հասել, բայց ծրագրված է, կարվի։
Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում ու բարեկարգում չի եղել, ինչին որ ականատես է վերջին տարիներին։
Սյունեցին տեսնում է, որ առանց իր համայնքների տեղը նոր իմացած ու դեռ անվանումներն էլ Սովետի հանգույն հնչեցնող գործիչների զարգացման ռոմանտիկ ծրագրերի էլ համայնքները զարգանում են։
Սյունեցին նաև գիտի, որ մարզում ոչ թե փակվում, այլ կառուցվում են նոր, տեխնոլոգիապես հագեցած, գերարդիական ու հարմարավետ կրթահամալիրներ ու դպրոցներ, որտեղ պետք է հաճախեն նաև ոչ միայն տվյալ բնակավայրի, այլև հարևան բնակավայրերի այն երեխաները, որոնք զրկված են եղել կենտրոնացված ջեռուցմամբ, մարդուն վայել սանհանգույցներ, համակարգիչներ ու լաբորատորիաներ ունեցող կրթօջախից։
Սյունեցին գիտի, որ մինչ այդ դպրոցները շահագործման կհանձնվեն, կառուցվելու, բարեկարգվելու են նաև դեպի կրթօջախներ բերող բոլոր ճանապարհները։
Սիսիան համայնքի գյուղերով մտահոգ գործիչն էլ հաստատ գիտի, որ, օրինակ, հենց այդ համայնքում նոր է ավարտվել Սիսիան-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները` 1,99 մլրդ դրամ արժեքով։ Կամ՝ ավարտական փուլում են Վաղատին բնակավայրի՝ տեղական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները՝ 420 մլն դրամով։
Ինչ վերաբերում է դպրոցներին, ինչքան էլ «փակվում են» բառը սենսացիոն ու ազդեցիկ լինի, Սիսիան համայնքում այժմ կառուցվում է 11 դպրոց, հիմնանորգվում՝ 3-ը, 1 նորակառույցն արդեն գործում է, 1 հիմնանորոգվածն էլ կահավորման փուլում է։
Սրանով շտկվում է 1990-ականներից ի վեր առկա ողբալի վիճակը։ Դպրոցական շենքերի վատ վիճակով պայմանավորված՝ 1990 թ․ Սալվարդի և Հացավանի, իսկ 1993 թ․ Թասիկի դպրոցները ժամանակավոր տեղակայվել էին հարմարեցված շենքերում՝ մինչև նոր դպրոցական շենքերի կառուցումը։ Այս ողջ տարիներին երեխաները զրկված են եղել մարզադահլիճներից, լաբորատորիաներից և այլ տարրական դպրոցական պայմաններից։
Միայն Սիսիան համայնքում Վաղատին գյուղում կառուցվել է 100 աշակերտի և նախադպրոցական տարիքի 20 սանի համար նախատեսված դպրոցի նոր շենք, հիմնանորոգվել է Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի շենքը, դպրոցը կունենա բացառապես նոր գույք։
Ընթացքի մեջ են․
Դարբաս գյուղի՝ 150 աշակերտի և 50 սանի համար նախատեսված,
Իշխանասար գյուղի՝ 144 աշակերտի համար նախատեսված,
Սառնակունք գյուղի՝ 144 աշակերտի և 40 սանի համար նախատեսված,
Աշոտավան գյուղի՝ 144 աշակերտի և 80 սանի համար նախատեսված,
Նորավան գյուղի՝ 144 աշակերտի և 40 սանի համար նախատեսված,
Ույծ գյուղի՝ 144 աշակերտի և 40 սանի համար նախատեսված,
Շաքի գյուղի՝ 200 աշակերտի և 40 սանի համար նախատեսված,
Շաղաթ գյուղի՝ 200 աշակերտի համար նախատեսված,
Անգեղակոթ գյուղի՝ 300 աշակերտի համար նախատեսված,
Բռնակոթ գյուղի՝ 300 աշակերտի համար նախատեսված նոր շենքերի կառուցման,
Գորայք և Ախլաթյան գյուղիերի դպրոցական շենքերի հիմնանորոգման աշխատանքները։
Շինարարական աշխատանքների ավարտից հետո բոլոր դպրոցները կապահովվեն նոր գույքով։
Ու թարմացնելով քաղաքական կարճ հիշողությունները, ի դեպ, փաստեմ, որ դեռ 2017-ին էր այսօրվա «սրտացավ» քաղաքական գործչից ոչ հեռու կուսակցությամբ ձևավորված կառավարությունը որոշել բարեփոխումներ ու օպտիմալացում իրականացնել կրթական ոլորտում՝ ընդգրկելով մինչ 150 աշակերտ ունեցող դպրոցները՝ հայտարարելով դրանցից ակնկալվող տնտեսումների մասին։
Հիմա դպրոցներ չեն փակվում տնտեսում ունենալու համար։ Կառավարությունը դպրոցներ է կառուցում ու նորոգում, իսկ այսօրվա բարեփոխումների նպատակը որակյալ կրթությունն է ու մեր երեխաների համար արդիական պայմաններ ստեղծելը․․․»,– գրել է Ռոբերտ Ղուկասյանը։