Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսագրություն է արել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մուտքի մոտ, որի գրավման մասին վերջերս զեկուցվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ավելի վաղ ուկրաինական զորքերը հայտարարել էին, որ հաջող հակագրոհ են իրականացրել Կուպյանսկի մոտակայքում և կարողացել են շրջապատել այնտեղ տեղակայված ռուսական զորքերը՝ հաղորդում է BBC-ն:
Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Կուպյանսկը հսկողության տակ վերցնելու մասին: Դեկտեմբերի 2-ին Գերասիմովը Պուտինին տեղեկացրել էր, որ ռուսական զորքերը ճնշում են Կուպյանսկի մոտակայքում շրջափակված Ուկրաինայի զինված ուժերին:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորներին՝ հաջողությունների համար: «Այսօր չափազանց կարևոր է ռազմաճակատում արդյունքների հասնելը, որպեսզի Ուկրաինան կարողանա արդյունքի հասնել դիվանագիտության մեջ։ Շնորհակալություն յուրաքանչյուր մարտիկին: Շնորհակալություն մեր բոլոր ցամաքային ուժերին»,- ասել է Ուկրաինայի նախագահը: