Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Քենիայի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և անտառային տնտեսության նախարար Դեբորա Բարասայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և անտառային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք կարևորել են փորձի փոխանակումը, կայուն զարգացման ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության խորացումը՝ գլոբալ բնապահպանական մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով։
Նախարարը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ փոխադարձ հետաքրքրության հիման վրա։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև COP17-ին։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության գործընկեր երկրների հետ՝ համաժողովի արդյունավետ կազմակերպման նպատակով, և ակնկալում է Քենիայի բարձր մակարդակի պատվիրակության մասնակցությունը։
#COP17-ը կարևոր հանգրվան կլինի Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման գործընթացում: Այս համատեքստում Հայաստանը, որպես COP17-ի նախագահող երկիր, խրախուսում է բոլոր կողմերին մինչև 2026 թվականի փետրվարը ներկայացնել իրենց ազգային զեկույցները՝ համապարփակ և ներկայացուցչական գլոբալ գնահատում ապահովելու նպատակով։
Վստահություն է հայտնել, որ Քենիան՝ որպես կլիմայի և կենսաբազմազանության ոլորտներում ակտիվ դերակատար և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) քարտուղարության հյուրընկալող երկիր, ակտիվորեն կաջակցի COP17-ի նախապատրաստական աշխատանքներին՝ նպաստելով համաժողովի հաջող անցկացմանը։