Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում ԱՍՀ նախարարության կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Քննարկվել է ոլորտային համագործակցության ընթացքը, անդրադարձ է կատարվել արձանագրված արդյունքներին, ինչպես նաև ծառայությունների մատուցման գործընթացում ի հայտ եկած խնդիրներին։ Այս համատեքստում ընդգծվել է առավել նպատակային և թիրախային ծառայությունների մատուցման կարևորությունը, շեշտվել է դրանց շրջանակի ընդլայնման և ծառայությունների որակի շարունակական բարելավման անհրաժեշտությունը։
Հանդիպումը ընթացել է հիմնականում հարցուպատասխանի ձևաչափով․ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկներով։ Նախարար Թորոսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել ԱՍՀՆ հետ համագործակցող բոլոր կազմակերպություններ և տեղում մանրամասն քննարկել համագործակցության ընթացքն ու նախատեսվող աշխատանքները։