ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանն ու Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը հանդիպել են ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի /VLAP/ Եվրոպական Միության գնահատման առաջին առաքելության փորձագետների /TAIEX/՝ ԵՄ քաղաքականության բաժնի պետի պաշտոնակատար Տոմաշ Օստրոպոլսկու գլխավորած պատվիրակության հետ։
Դատական դեպարտամենտից հայտնում են՝ ԵՄ փորձագետները տեղեկացրել են, որ գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը նախատեսվում է պատրաստել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ։
Երկուստեք կարևորվել են Հայաստանում ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետների հետ դատաիրավական ոլորտի բարեփոխումներն ու խնդիրները քննարկելու հնարավորությունը։
Հայկական կողմը ներկայացրել է դատավորների նշանակման և առաջխաղացման սկզբունքներն ու կարգը, ինչպես նաև անդրադարձել ԲԴԽ -ի և Դատական դեպարտամենտի՝ որպես դատական համակարգի գործադիր մարմնի կառուցվածքին, լիազորություններին,գործառույթներին ու առանձնահատկություններին։
Փորձագետներին հետաքրքրել են դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղիների, հնարավոր օրենսդրական փոփոխությունների, դատարանների նյութատեխնիկական ապահովվածության վերաբերյալ հարցերը։
Դեկտեմբերի 8-12 ից Հայաստանում գտնվող Եվրոպական Միության գնահատման առաջին առաքելության փորձագետներն /TAIEX/ արդեն հանդիպումներ են ունեցել Ներքին գործերի նախարարությունում, Անվտանգության խորհրդում, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ։ Նախատեսվում են հանդիպումներ նաև պետական այլ կառույցների ներկայացուցիչների հետ։