Երևանում թեքահարթակների կառուցման աշխատանքներն ավարտված են: 12 վարչական շրջանի 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 1-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ընդհանուր առմամբ շատ կարևոր և մեծ աշխատանք է արվել, ապա այս համատեքստում մի քանի դիտողություններ արեց ծրագրի վերաբերյալ:
«Շատ շնորհակալ եմ, որ ֆիքսվեց, որ պետք է լինի համակարգային, այսինքն՝ չի կարող ուղղակի հատվածական՝ 1-2 տեղ, թեքահարթակ լինել, ամբողջական լուծումներ են եղել:
Բարձրաձայնեմ նաև այն խնդիրները, որոնք նկատել եմ. տեղ-տեղ մենք թեքահարթակների տեսակները սխալ ենք ընտրել այն առումով, որ ընտրել ենք մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակ, երբ պետք է եղել երեք կողմից մոտեցումներով: Երևի թե այս առումով պետք է ուշադրությունը մեր սևեռած պահենք խնդրի վրա:
Մեր քաղաքի՝ ավելի ներառական և ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերին մեր առաջնահերթությունների շարքում է շարունակում մնալ, այսինքն՝ միշտ աշխատանքն անելիս ինքնուրույն անվասայլակով կամ մանկասայլակով պատկերացնում ենք՝ ոնց ենք անցնելու: Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք»,- ասաց նա: