Այսօր մենք արձանագրում ենք մեր երկրի իրավական, դատական համակարգերի վախճանը, որովհետև ՄԻԵԴ-ի՝ սեպտեմբերի 18-ի վճիռն ուղղակի արձանագրում է 17 տարվա համատարած անգործություն: Եվ ես կարծում եմ՝ մենք ունենք շանս՝ սեպտեմբերի 18-ի վճիռը դարձնելու փոսից այդ համակարգը դուրս բերելու հնարավորություն: Այդ մասին Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործին առնչվող հանրային քննարկման ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
«17 տարի մենք բոլորս՝ որպես համակարգ, խուսափել ենք պարզ ճշմարտությունից՝ ասելու, որ ՀՀ-ն գնդակահարել է ՀՀ քաղաքացիների»,- ասաց նա:
ՄԻԵԴ-ը, ըստ Արման Բաբաջանյանի, առանց անուններ նշելու՝ սահմանում է պետության պատասխանատվություն. «Իրավական, քաղաքական, բարոյական իմաստով սա նշանակում է 1 բան. 2008-ի իշխող վերնախավն ամբողջությամբ պատասխանատու է պետական մեքենայի կատարած սպանությունների, խոշտանգումների, ապօրինի կալանավորումների և դրանց բողոքարկման համար:
Ժողովրդավարական պետությունները վաղուց անցել են նման փորձությունների միջով և ձևակերպել են մի շատ պարզ սկզբունք. այն երկրները, որոնք առերեսվել են ժողովրդավարության, սահմանդրական կարգի և պետական հիմքերի դեմ գործած հանձագործություններին, հստակ պատասխանել են՝ մարդասպան ռեժիմները չեն կարող իշխանության վերադարձի իրավունք ստանալ: Չեն կարող վերադառնալ և պետությունից՝ մեզնից թալանած փողերով մասնակցել ժողովրդավարական գործընթացներին, վերադառնալ՝ ժողորդավարությունը ջանջախելու և մեր ապագան կործանելու համար:
Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան և Մոլդովան ուղղակի ապացուցում են այդ իրողությունը: Այս բոլոր օրինակներում կա մեկ նույնական տրամաբանություն՝ պետությունները հստակ անուններ են տալիս ժողովրդավարության և պետության թշնամիների, անհնար դարձնում նրանց քաղաքական ռեինկարնացիան և ռեաբիլիտացիան»:
Ըստ Բաբաջանյանի՝ ՄԻԵԴ վճիռը մեր պետության անցած 17 տարիների իրավաքաղաքական գնահատականն է: