Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղության բանակցությունները ձախողվել են` չնայած հարավասիական հարևանների միջև հրադադարը պահպանվում է, շաբաթ օրը հայտարարել է թալիբների խոսնակը։
Ըստ նրա՝ բանակցությունները ձախողվել են Իսլամաբադի պատճառով, որը պնդում է, որ Աֆղանստանը ստանձնի Պակիստանի ներքին անվտանգության պատասխանատվությունը, իսկ դա Աֆղանստանի «կարողություններից» վեր է։
Խոսնակը նաև վստահեցրել է. «Սահմանված հրադադարը մենք մինչ օրս չենք խախտել, և այն կշարունակենք պահպանել»՝ հաղորդում է Reuters-ը։
Ստամբուլում Աֆղանստանի հետ սահմանային բախումների վերսկսումը կանխելու նպատակով խաղաղության բանակցությունների ձախողման մասին է հայտնել նաև Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը: Նա հավելել է, որ հրադադարը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ աֆղանական հողից հարձակումներ չեն լինի։
Անցյալ ամիս Հարավային Ասիայի հարևանների զինվորականները բախվել են, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: 2021 թվականին Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր դա ամենասարսափելի բռնությունն է եղել։
Կողմերը հոկտեմբերին Դոհայում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել, սակայն անցյալ շաբաթ Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է առանց երկարաժամկետ համաձայնագրի՝ Աֆղանստանի տարածքում գործող և Պակիստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված զինյալ խմբավորումների շուրջ անհամաձայնության պատճառով։
Bloomberg-ի տվյալով՝ թալիբները հրաժարվել են սահմանին զինյալների հարձակումները դադարեցնելու հստակ երաշխիքներ տրամադրել: Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակցությունները փակուղում են, ինչն ընդունում են նաև միջնորդները՝ Կատարը և Թուրքիան: