Պակիստանը և Աֆղանստանը սահմանային բախումներից հետո պայմանավորվել են երկարաձգել հոկտեմբերի 15-ին ձեռք բերված 48-ժամյա հրադադարը: Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ կողմերը որոշել են բանակցություններ անցկացնել: Պակիստանի և Աֆղանստանի պատվիրակությունները կհանդիպեն Դոհայում:
Երկրների միջև լարվածությունը սրվել է անցած շաբաթ։ Տեղեկություններ էին տարածվել, որ բացի սահմանային մարտերից՝ Պակիստանը ռազմական ինքնաթիռներով ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին։ Հաղորդվել է երկու կողմից զոհերի մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Ավելի վաղ Պակիստանը մեղադրել էր թալիբներին՝ Իսլամաբադի համար անցանկալի զինված խմբավորումներին Աֆղանստանում տեղ տալու համար։ Թալիբներն էլ հորդորել են Պակիստանին «խաղեր չխաղալ» Աֆղանստանի հետ՝ ընդգծելով՝ ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Իսլամաբադի հետ, բայց այդ ցանկությունը չի կարող միակողմանի լինել: