Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձևի նախագիծ է առաջարկել, որով նախատեսվում է վերացնել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ Շարաայի դեմ պատժամիջոցները՝ հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով փաստաթղթին։ Բանաձևի նախագծում կոչ է արվում վերացնել նաև Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Հասան Խաթաբի դեմ պատժամիջոցները։
Նախորդ օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հաստատել է, որ Աշ Շարաան նախատեսում է նոյեմբերի 10-ին իր առաջին այցը կատարել Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու։
Ինչպես նշում է Reuters-ը, նույնիսկ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չքվեարկի Աշ Շարաայի դեմ պատժամիջոցները չեղարկելու օգտին մինչև Թրամփի հետ նախատեսված նրա հանդիպումը, Վաշինգտոն Աշ Շարաայի այցի համար խոչընդոտ չի լինի, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեն ավելի վաղ Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարին ճանապարհորդության թույլտվություն է տրամադրել։ Ավելին, այս տարվա սեպտեմբերին Սիրիայի ԱԳ նախարար Հասաադ աշ Շիբանին այցելել է Միացյալ Նահանգներ։ Դա Սիրիայի ԱԳ նախարարի առաջին այցն է ԱՄՆ 25 տարվա ընթացքում: