Տիկին Գալստյան, դուք քարի մասնագե՞տ եք: Այս խոսքերով Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին:
«Ես, օրինակ, հիմա ձեզ կարող եմ երկար պատմել Սիսիանի բազալտի և Նոր Հաճնի բազալտի տարբերությունների մասին, որովհետև ես հիմա մի փուլում եմ, որ դրանով ի պաշտոնե նաև զբաղվում եմ, բայց նույնիսկ այդ պարագայում ես չեմ կարող ինձ թույլ տալ, գալ այստեղ նստել և Ձեզ ասել՝ Սիսիանի քարն այսքան արժի, Նոր Հաճնինը՝ այնքան, որովհետև այդտեղ բազմաթիվ նրբություններ կան քարի կտրվածքի, քարի աշխատանքի ու մշակման, և երբ ես խոսում եմ մանիպուլյացիայի մասին, ես այ սրա մասին եմ խոսում, այդ 1000 դոլարն ինչի՞ եք հնչեցնում:
Չէ՞ որ, ես հիմա Ձեզ կարող եմ բերել և ցույց տալ բազմաթիվ թղթեր, որ դուք տեսնեք, որ այդ 1000 դոլարն իրականության հետ կապ չունի: Ինչո՞ւ եք դուք այդ դաշտ մտնում, տիկին Գալստյան, մենք միասին խոսում ենք հուշարձանների վերականգնման կարևորության մասին: Դուք ասում եք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետք է պատշաճ վերականգնվի և հիմնանորոգվի, մենք բոլորս ասում ենք՝ այո, դա այդպես պետք է լինի, և պետք է բացառել որևէ խնդիր: Այո, պետք է բացառել որևէ խնդիր: Մնացած խոսակցությունները ինչի մասին են ու ինչի համար են»,- ասաց ԿԳՄՍ նախարարը՝ դիմելով պատգամավորին:
Հիշեցնենք՝ Լիլիթ Գալստյանը, խոսելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին, հայտարարեց, թե վերանորոգման շուրջ հանրային անհանգստությունը ոչ թե մանիպուլյացիա է, այլ սեփական ժառանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք: Պատգամավորը պնդեց, թե վերանորոգման աշխատանքների ժամանակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվել, նա հայտարարեց՝ հուշահամալիրը ենթարկվել է վանդալիզմի, պահանջեց պատճաշ վերաբերմունք ցուցաբերել:
Գալստյանը, դիմելով նախարարին, ասաց՝ նրա պատասխանում վիրավորական երանգներ է նկատում:
«Սա ձեր աշխատասենյակը չէ, ԱԺ-ն է, և դուք հաշվետու եք ԱԺ-ին։ Բացարձակապես քարի կամ գունավոր մետաղների մասնագետ չպետք է լինեմ, որպեսզի հնչեցնեմ մասնագիտական դաշտի մոտեցումները։ Իմ որևէ նախադասության մեջ չճշտված փաստեր չկան»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Խոսակցությանը միջամտեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
«Որպես լուծում՝ արդեն հասկացանք՝ դուք քարերի և շինարարության մասնագետ եք: Տիկին Անդրեասյան, խնդրում եմ, հաջորդ մույթերը կառուցելու կամ մրցույթը դնելու ժամանակ տիկին Գալստյանին նույնպես հրավիրեք, թող գա, մասնագիտական կարծիք ասի»,- ասաց Գաբրիելյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորին:
Գալստյանը մեղադրեց իր խոսքերը մանիպուլյացիայի ենթարկելու համար, հորդորեց՝ չափը չանցնել:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն առաջին անգամ է կապիտալ վերանորոգվում, իսկ շինարարության ընթացքում այն բաց կլինի այցելուների համար: