Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Դրանք մեծ միջոցներ են, որոնք ուղղվում են, որպեսզի երկրի կարևորագույն վայրերից մեկը ունենա պատշաճ և անհրաժեշտ պայմաններ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Աշխատանքները, ըստ նախարարի, ընթացել են այն փուլայնությամբ, որը նախատեսված էր պայմանագրով, իսկ օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են:
«Սա կարևորագույն հուշարձան է, և նախագծի մշակման փուլում որևէ բան չի կարող դրական եզրակացություն ստանալ, եթե չի անցել գիտամեթոդական խորհրդով։
Թե՛ հուշահամալիրը, թե՛ թանգարանը ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են անհրաժեշտ աշխատանքներից հետո»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ օրերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հաղորդագրություն էր տարածել, թե շուրջ երկու ամիս է՝ մեկնարկել է հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները: