TRIPP-ի հետ կապված քննարկում ենք ֆինանսավորման տարբերակները, և ծրագիրն ամբողջությամբ գտնվում է քննարկման փուլում։ Ծրագրի հետ կապված՝ որպես այդպիսին, կոնկրետ նորություն չեմ կարող հայտնել, քանի դեռ քննարկման փուլում է: Երկաթուղիների արդիականացման մասով միջոցներ նախատեսված են, բայց Երասխ-Սադարակի մասով բյուջետավորված տող, որպես այդպիսին, չունենք: Այս մասին Ազգային ժողովում «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը հետաքրքրվում էր՝ արդյո՞ք 2026 թվականի պետական բյուջեում նախատեսված են գումարներ Երասխ-Սադարակ երկաթգծի կառուցման համար:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թրամփի ուղու (TRIPP) հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր, որ կողմերը հիմա աշխատում են բովանդակային տեքստի վրա:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին հայտարարել է՝ հայաստանյան երկաթուղու հատվածը՝ TRIPP-ը, պետք է դեռ շարունակի քննարկվել, պայմանները, տեխնիկական լուծումները պետք է հստակեցվեն Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից: