Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նոր աշխատանքներ նախատեսվա՞ծ են, և հնարավո՞ր է՝ դա փոխկապակցվի հաղորդակցությունների ապաշրջափակման հետ, օրինակ, գործընթացը շարունակելով հարավից:
Ըստ Փաշինյանի՝ ուղիղ փոխկապակցվածություն չի լինի, բայց տրամաբանությունը հետևյալն է. «Այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում արդեն պիտի սկսվի, ենթադրվում է և տրամաբանական է, որ այդ հատվածում (ինչքան անհրաժեշտ է այս ենթակառուցվածքի անցնելու համար) նաև սահմանազատում և սահմանագծում տեղի կունենա, որպեսզի այդ տարածքով ենթակառուցվածքներ կառուցվեն, և պարզ լինի, թե սահմանը կոնկրետ որտեղով է անցնում:
Դա, մեծ հաշվով, փոխկապակցվածություն չէ ընդհանուր սահմանազատման գործընթացի հետ, որն իր տրամաբանությամբ գնալու է, բայց մյուս կողմից՝ սահմանազատում է՝ կապված կոմունիկացիաների և «TRIPP ուղի» նախագծի իրականացման հետ, այսինքն՝ սահմանազատումը մաս է այդ պրոցեսի»: