ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 28-ին շարունակվել են «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է օրենքի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը՝ արդյունաբերություն, էներգետիկա և բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում, մրցակցության պաշտպանություն, քաղաքաշինություն և անշարժ գույքի կադաստրի ոլորտ:
Ըստ այդմ՝ Էկոնոմիկայի նախարարությանը 2026 թվականին նախատեսված է հատկացնել 74 մլրդ 514 մլն դրամ, որը 5 մլրդ դրամով պակաս է ընթացիկ տարվա հաստատված հատկացումից:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն առաջարկվում է հատկացնել 37 մլրդ 352 մլն դրամ, որը 10 մլրդ դրամ 157 մլն դրամով պակաս է այս տարվա բյուջետային հատկացումից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 249 մլն դրամ, որը 86 մլն դրամով ավելի է այս տարվա հատկացումից:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախատեսված է հատկացնել 325 մլրդ 95 մլն դրամ, որը 36 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կհատկացվի 604 մլն դրամ, որը 10 մլն դրամով ավելի է 2025 թվականի հատկացումից:
3 մլրդ 86 մլն դրամ էլ նախատեսվում է հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին: Այստեղ հատկացումը պակաս է 219 մլն դրամով:
Պետական եկամուտների կոմիտեին նախատեսվում է հատկացնել 139 մլրդ դրամգ սա 23 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից:
Կադաստրի կոմիտեին նախատեսված է հատկացնել 3 մլրդ 961 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից պակաս է 17 մլն դրամով:
Նախարարը ներկայացրել է ֆինանսական հատկացումների՝ ավելի կամ պակաս լինելու պատճառները, որոնց առավել մանրամասն անդրադարձել են կառույցների պատասխանատուները:
Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Ալխաս Ղազարյանի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր հետվճարներին, նախարարը նշել է, որ 2026 թվականին կենսաթոշակառուներին տրվող հետվճարի տոկոսը 12-ի փոխարեն նախատեսվում է դարձնել 20 տոկոս: Նաև նախատեսվել է, որ ArCa քարտ ունեցող քաղաքացիներն էլ հետվճար կստանան 2 տոկոսի չափով, եթե գնումները կատարեն անկանխիկ եղանակով:
«ArCa-ն այն քարտն է, որի վրա գրված է ArCa: Լինում են, եղել են, և կլինեն քարտեր, որոնց վրա գրված է և՛ ArCa, և՛ Visa: Դրանք նույնպես կհամարվեն ArCa քարտեր»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ ճիշտ կլինի, եթե այդ հարցերին առավել մանրամասն անդրադառնան ArCa համակարգի ներկայացուցիչները: