Մեր նպատակն է այս ծրագիրը գործարկել 2026 թվականի հունվարի 1-ից: Հետվճար ստանալու են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունենք ArCa քարտեր: ArCa քարտերով արված վճարումներից, եթե դա չի վերաբերում խաղային ոլորտին, ստանալու են 2 տոկոսի չափով հետվճար: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2026-ից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգ ներդնելու նախաձեռնությանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ պարզաբանեց, որ 2026 թվականից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգ ներդնելու դեպքում, ասենք, 10 հազար դրամ առևտուր անելիս քաղաքացին 2 տոկոս հետվճար կստանա, ապա խնդրեց նախարարին մանրամասնել նախաձեռնության մասին:
Անդրադառնալով համակարգի ներդրման օգուտներին՝ ֆինանսների նախարարը պարզաբանեց. «Ես ավելի շուտ կասեի՝ մեզ մոտ էժանանալու է անկանխիկ առևտուրը, և դրա հակառակը՝ կանխիկով առևտուր անելը կլինի 2 տոկոսով ավելի թանկ: Սա է այն հիմնական մոտիվացիան, որով մենք շարունակելու ենք ստվերի դեմ պայքարը:
Երկու հիմնական նպատակ ենք հետապնդում. առաջինը՝ շարունակել ստվերի դեմ պայքարը և մեր անկանխիկ առևտուր անելու քաղաքականությունը, և, բնականաբար, նպաստել մեր ազգային վճարային համակարգի կայացմանն ու բարելավմանը»:
Հայկ Կոնջորյանը հույս հայտնեց, որ ArCa համակարգի կատարելագործման ուղղությամբ հավելյալ աշխատանքներ կիրականացվեն՝ հաշվի առնելով համակարգի խափանումների դեպքերը, նաև հույս հայտնեց, որ ArCa քարտերի վճարումների ավելացումներ՝ պայմանավորված այս ռեֆորմով, տեղի չեն ունենա:
Անդրադառնալով կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու գործող ծրագրին՝ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրմանը 2026 թվականի բյուջեով նախատեսվել է 20 մլրդ դրամ, որն ավելի է 2025 թվականի հատկացումից 7,6 մլրդ դրամով:
Այս համատեքստում նախարարը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է կենսաթոշակառուների և նպաստառուների հետվճարի չափը 12 տոկոսից դարձնել 20 տոկոս: