Պետական բյուջեն լավագույն արտահայտությունն է Իրական Հայաստանի այն գաղափարախոսության, որ «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»: Պետական բյուջեն այս հայեցակարգից բխող բան է, որովհետև պետական բյուջեն մեր համատեղ ընտանեկան բյուջեն է, ՀՀ ժողովրդի ընտանեկան բյուջեն է՝ ելնելով այն կանխավարկածից, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է և պետք է ասի, որ ժողովուրդն իր ընտանիքն է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը բացատրեց, թե ինչ է բյուջեն, ինչպես է այն ձևավորվում: Պատկերավոր նշեց, թե, օրինակ, 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ բյուջեն զրո է, թե բյուջեում այդ պահի դրությամբ ոչ մի լումա չկա, և որ այն պետք է ձևավորել որոշ հարկատեսակների միջոցով, ինչպիսիք են ԱԱՀ, ակցիզային հարկ, երկամտային հարկ, սոցիալական վճարներ, շահութահարկ, շրջանառության հարկ, պետական տուրքեր, մաքսատուրք: Փաշինյանը նաև բացատրեց, թե որից ինչպես է շրջանառության հարկ գոյանում հաշվիչ դրամարկղային մեքենաների տպման արդյունքում: Այդ համատեքստում՝ վարչապետը հիշեցրեց՝ պետբյուջեն է ապահովում ՀՀ բոլոր քաղաքացիների կարիքները, ապա հիշեցրեց նախկինում ասված իր մի եզրահանգում:
«ՀՀ որևէ ընտանիք ինքն իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, քան դա անում է պետական բյուջեն, և ընդհանրապես, եթե ՀՀ պետական բյուջեն և համայնքային բյուջեները պատշաճ եկամտային և ծախսային հոդվածներ չունենան, ՀՀ որևէ քաղաքացու բարեկեցությունը [ապահովելը] հնարավոր չէ, անհնար է: ՀՀ պետական բյուջեի և համայնքաին բյուջեի բացակայության կամ պատշաճ եկամտային և ծախսային հոդվածներ չունենալու դեպքում որևէ քաղաքացու բարեկեցություն ուղղակի անհնար է»,- հայտարարեց նա:
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ որևէ քաղաքացու բարեկեցությունը կախված է առաջին հերթին ոչ թե նրանից, թե ինչքան է ինքն իր բարեկեցության համար ծախսում, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե ինչքան է պետական և համայնքային բյուջեն նրա բարեկեցության վրա ծախսում:
«Մեր երկրի անվտանգության, բարեկեցության համար չափազանց կարևոր է, որ բյուջեի ընկալումը փոխվի: Առաջինը՝ որ բյուջեն ձևավորվում է մեր բոլորի կատարած աշխատանքի արդյունքում: Երկրորդը՝ պետական բյուջեն է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և այլն, և այլն: Բավարար չե՞ն անվտանգությունը և բարեկեցությունը, ուրեմն պետական բյուջեն բավարար չէ, բավարար չէ՞ պետական բյուջեն, ուրեմն մենք բավարար չափով արդյունավետ չենք աշխատում»,- ասաց նա: