Խաղաղության տրամաբանության մեջ առանցքային նշանակություն ունի այն, որ մենք մեր գործողությունների գաղափարաբանության առանցքում դնում ենք պետականությունը և պետությունը, որովհետև պետականությունը և պետությունն առանցքային նշանակություն ունեն, այդ թվում՝ նաև խաղաղության օրակարգի սպասարկման, բայց նաև շատ կարևոր է ճշգրտել պետության ֆունկցիան: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս ընթացքում Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ մենք ճշգրտել ենք այդ ֆունկցիան, որովհետև հնչած թե չհնչած, ձևակերպված թե չևակերպված, այդ հարցը գոյություն ուներ:
Վարչապետը հարց հնչեցրեց՝ ի վերջո ինչի՞ համար է պետությունը, ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը:
«Նախորդող շրջանում, ձևակերպված թե չձևակերպված, գիտակցված թե չգիտակցված, ըստ էության, մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ ՀՀ-ն հենման կետ է՝ բնույթով այլ պետություն ունենալու համար:
Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով, և նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը ու երջանկությունն ապահովելն է: Եվ մեր բոլոր ռազմավարությունները, ներառյալ անվտանգային, պաշտպանական և այլն, տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Սա շատ կարևոր նրբություն է, և մենք նախկինում ասել ենք՝ այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը, բայց նաև զարգացնում ենք բանակի այն հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը: Մենք ասում ենք՝ մեր բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ մենք շատ կարևոր ենք համարում մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխել ու վերաձևակերպել պաշտպանունակ բանակ:
«Որովհետև երբ ասվում է «մարտունակ բանակ», չի տեղորոշում՝ այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ: Մեզ համար շատ կարևոր է, որ ընդգծենք այս կոնտեքստը, որ ՀՀ բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն՝ պետք է ի վիճակի լինի պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սա միջազգային օրենքներով յուրաքանչուր պետության պարտավորությունն է՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը: