Առհասարակ, Ազգային ժողովում քաղաքական խոսույթի և թեժությունը, բովանդակությունը հիմնականում ընդդիմությունն է ապահովում, և երբ հիշում եմ՝ 2018-ից առաջ Ազգային ժողովում ինչ էր տեղի ունենում, եթե 2018-ից առաջ ընդդիմությունը լիներ ձեզ նման, խայտառակություն էր տեղի ունենալու: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:
Նրա խոսքով՝ այն ժամանակ ընդդիմությունն էր գեներացնում հիմնական քննարկման թեման:
Հովհաննիսյանը ընդդիմությանը մեղադրեց որևէ բովանդակային խոսույթ չունենալու համար:
«Դատարկ, մերկապարանոց հայտարարություններ եք անում, ստեր և կեղծիքներ եք տարածում: Ինչպե՞ս կարող են լուրջ լինել Ազգային ժողովում քննարկումները, մասնավորապես ընդդիմության մասին է խոսքը, երբ ընդդիմության ներկայացուցիչը կարող է գալ այստեղ և ասել, օրինակ՝ Ոսկեպարի եկեղեցին տվել կամ տալու են Ադրբեջանին: Դրան չի հաջորդում ոչ մի ներողություն: Մյուսը գալիս ասում է՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը քանդում են: Պարզվում է՝ նման բան չկա և, բնականաբար, չէր էլ կարող նման բան լինել: Ոչ մի ներողություն չի հաջորդում սրան»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ ինչպես կարող են քաղաքացիները չզայրանալ այս քննարկումներից, որոնք պետք է լինեն բովանդակային ու ուղղված լինեն քաղաքացիների շահերին:
«Դուք կյանքի հետ առնչություն չունեցող թեզերից եք այստեղ խոսում, գալիս տեքստեր եք ասում, որոնք իրական հողի վրա գոյություն չունեն, մարդիկ ընդհանրապես տեղյակ չեն՝ ինչի մասին եք դուք խոսում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին՝ քաղաքական հետապնդումների վերաբերյալ, պարզաբանեց՝ ժողովուրդն ու իրենք ի՞նչ մեղք ունեն, որ նրանց բոլոր թեկնածուները հանցագործ են դուրս գալիս վերջում:
«Դատական վճիռներով ձեր թեկնածուները հանցագործ են: Դուք վարչապետի թեկնածու եք առաջադրել, ով, պարզվում է՝ հանցագործ է, հեղափոխության օրերին զենք էր ցույց տալիս մարդկանց, սպառնում էր երիտասարդներին, ծեծում էին, «Բրաբուսներով» քշում էին մարդկանց վրա: Այո՛, այդ մարդիկ պետք է գնան ու փտեն բանտերում»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը այն ժամանակ քաղաքականությունն օգտագործում էր գողանալու ու լափելու համար, հիմա էլ քաղաքականությունը փորձում են օգտագործել գողացածը պահելու ու պատասխանատվություն չկրելու համար:
«Գաք մտնեք քաղաքական հովհարի տակ և ասեք՝ մեզ քաղաքական հետապնդման են ենթարկում: Ո՞նց կարելի է քաղաքական հետապնդման ենթարկել Վարդանիկին (Վարդան Ղուկասյան - խմբ.): Ամենամեծ ցանկության դեպքում դա հնարավոր չէ անել, օրինակ, կամ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին՝ ձեր սիրելի վարչապետի թեկնածուին»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանը (դատավոր` Ժ. Չիչոյան) հրապարակել է դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: