Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին այսօր կրկին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության: Քննչական կոմիտեից 1Lurer.am-ին հայտնեցին, որ չեն մեկնաբանում այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Քննչական կոմիտեից 1Lurer.am-ին փոխանցել էին, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին: Խոսակցության ընթացքում Աղան աբեղան արքեպիսկոպոսին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին: Խոսակցության առիթը, ինչպես հասկացվում է ձայնագրությունից, Աղան աբեղայի դիմումն է՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին: Աղան աբեղա Երնջակյանը համարում է, որ կաթողիկոսն իրեն ծառայության է ուղարկում Վանաձոր` իր ըմբոստության պատճառով:
Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը քննության առարկա կդառնա արդեն իսկ առկա քրեական վարույթի շրջանակում: