Կտրիճ Ներսիսյանը ստիպել է իր ենթականերին, որ Տեր Արամին՝ ՀԱԵ սպասավորին, կարգալույծ անեն, և սա հերթական հակաեկեղեցական քայլն է Կտրիճ Ներսիսյանի կողմից: Սա չունի որևէ արդարացում, սա չի կարող արդարացվել որևէ կերպ, չունի որևէ հիմք, և ես ուզում եմ իմ լիակատար համերաշխությունը հայտնել Տեր Արամին, ՀԱԵ-ի մեր բոլոր ազնիվ սպասավորներին: Այդ մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Կտրիճ Ներսիսյանը մարդ է, որը խախտել է Աստծո առաջ տրված իր ուխտը: Կտրիճ Ներսիսյանը մարդ է, որը, ըստ վերջերս հրապարակված ձայնագրության, ստիպել է իր ենթակային՝ ՀԱԵ հոգևորականին, որի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում, որ իր մոր հետ գնա և իշխանությունների դեմ հանրահավաք անի, ընդ որում՝ ձայնագությունը չի հերքվել, ասեմ ավելին՝ հաստատվել է Մայր Աթոռի կողմից:
Կտրիճ Ներսիսյանը մի մարդ է, որի զարմիկը, ըստ առաջադրված մեղադրանքի, ստիպել է հոգորականներին մասնակցել հանրահավաքներին, և, օ՜, զարմա՜նք, այդ հոգևորականը Տեր Արամն է այդ թվում, որին այսօր կարգալույծ արեցին:
Մյուս հոգևորականը Հայր Աղանն է, որի համար, մյուս ձայնագրությունից ելնելով, նույնպես այնպիսի պայմաններ էին ստեղծել, որպեսզի լքի հոգևոր ծառայությունը:
Հաշվի առնելով այս ամբողջ համախումբը՝ պետք է ուղղակի համակերպվի Կտրիճ Ներսիսյանը այն փաստի հետ, որ ինքը կաթողիկոս չէ և չի կարող լինել: Չի կարող հայ ժողովրդի կարևորագույն, սրբազան ինստիոտւտի գլուխը լինել ուխտազանց մեկը, չի կարող ՀԱԵ գլուխը լինել մեկը, որն այլ անձանց ստիպում է անել բաներ իրենց կամքին հակառակ:
Առաջարկում եմ Կտրիճ Ներսիսյանին սկսել հավաքել իր իրերը, որովհետև նա ոչ միայն պետք է լքի վեհարանը, այլև պետք է կարգալույծ արվի և կարվի»,- ասաց նա:
Ավելի վաղ Մայր Աթոռը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նրան կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը: