Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ և բովանդակային առումով համապատասխանել Եվրամիության ստանդարտներին։ Այս մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առանց այդ ստանդարտներին համապատասխանելու` հնարավոր չէ ԵՄ անդամ դառնալ։
«Երբ Հայաստանը օբյեկտիվորեն համապատասխանի Եվրամիության ստանդարտներին, այդ պահից կունենանք երկու ճանապարհ՝ մեզ կամ կընդունեն ԵՄ, կամ չեն ընդունի։ Եթե կընդունեն՝ լավ է, եթե չեն ընդունի, ապա մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարևորագույն խնդիր․ ՀՀ-ն կլինի ժամանակակից, առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր։ ԵՄ ստանդարտներին համապատասխանելու մեր ձգտումը ոչ թե աշխարհաքաղաքական, այլ ժողովրդական ընտրության հարց է։ 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը մեր կողմից որդեգրվել է որպես ռազմավարություն»,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում իշխանությունը մտադիր է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո նախաձեռնել համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը և երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադրի՝ այսինքն՝ ժողովրդի հետ՝ Հայաստանի պետականությունը դարձնելով հարատև և ժողովրդակենտրոն։