Ուրախ եմ միջազգային ողջ հանրությանը զեկուցել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Այդ մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ունեցած ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի նվիրվածությունը, հետևողականությունը և սկզբունքայնությունը հնարավոր դարձրին, թվում է, անհնարինը։ Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք համաձայնեցրել ենք նախագահ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մեր համատեղ որոշումը, որովհետև մեր սեփական օրինակով տեսանք, որ նախագահ Թրամփն իսկապես նվիրված է խաղաղության գաղափարին։
Ուզում եմ ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, կառավարությունների և խորհրդարանների դերը, առանց որոնց աջակցության՝ իհարկե, անհնար կլիներ հասնել այս կետին։
Խաղաղությունն այսպիսով հաստատված է, բայց խաղաղությունը արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք։ Խաղաղությունն ամենօրյա խնամք է պահանջում նորածին մանուկի նման իրեն պաշտպանելու վարակից, ցրտից ու շոգից, անտարբերությունից ու հոռետեսությունից։
Կոնֆլիկտն իսկապես շատ ավելի քիչ հարցեր է դնում մեր առաջ, և պատասխանի տարբերակներն էլ կոնֆլիկտի պարագայում շատ չեն, իսկ խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր, և այդ հարցերին խնամքով և ոչ թե քամահրանքով պատասխանելն է խաղաղ կյանքը։ Այդ հարցերի շուրջ շրջահայացորեն ու պատասխանները բարեխղճորեն ձևակերպելն է խաղաղության ինստիտուցիոնալացումը, որը շարունակական անհրաժեշտություն է, և որով պետք է զբաղվենք ամեն օր։
Այս համատեքստում չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց և ճակատագրի պարզաբանումը և երկրարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է»,- նշեց վարչապետ Փաշինյանը։