Համայնքների միության վարչությունը խստորեն դատապարտել է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զարհուրելի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը։
«Մեր խոր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Փարաքար համայնքի ողջ բնակչությանը։ Վիրավորում ստացած անձին մաղթում ենք շուտափույթ և լիարժեք ապաքինում։
Համայնքների միությունը կոչ է անում Հայաստանի իրավապահ մարմիններին արագ և ամբողջական քննություն իրականացնել` հանցագործության կազմակերպիչներին և կատարողներին ամենախիստ պատասխանատվության ենթարկելու համար։
Համայնքների միությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը բոլոր համայնքապետերին և բնակիչներին՝ ընդգծելով, որ որևէ բռնություն կամ ահաբեկում անընդունելի է և պետք է արժանանա իրավական համարժեք արձագանքի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ
քրեական գործ է հարուցվել:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը
քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով
վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։