Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:
«Զրույցի ընթացքում անդրադարձանք արդեն իսկ հաջողությամբ իրականացված համատեղ ծրագրերին, ինչպես նաև քննարկեցինք նոր համագործակցության հնարավորություններ։
Հատկապես կարևորում եմ ԵՄ Twinning ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի և Ֆինլանդիայի համագործակցությամբ իրականացված «Հայաստանում կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման կարողությունների ուժեղացում եվրոպական ստանդարտներին համապատասխան» նախաձեռնությունը։
Ծրագիրը ոչ միայն հնարավորություն տվեց բարձրացնել Շրջակա միջավայրի նախարարության ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունները, այլև ամրապնդեց Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացումը՝ ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի շրջանակներում։ Այս ծրագրի երկրորդ բաղադրիչը, որ իրականացվեց Ֆինլանդիայի Շրջակա միջավայրի ինստիտուտի (SYKE) կողմից, զգալիորեն նպաստեց կենսաբազմազանության վերաբերյալ նոր օրենսդրական դաշտի արդյունավետ կիրառմանն ուղղված ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործմանը։
Մեր քննարկման ընթացքում անդրադարձանք նաև «Early Warning for All» նախաձեռնությանը։ Ներկայացված գաղափարը՝ կարևոր քայլ է 2027 թվականի համաշխարհային նպատակին հասնելու ճանապարհին՝ ապահովել, որ յուրաքանչյուր ոք ունենա եղանակային, ջրային և կլիմայական վտանգների վերաբերյալ կյանք փրկող նախազգուշացնող համակարգ։
Զրույցի ընթացքում ներկայացրի նաև COP17-ի կազմկոմիտեի կազմը և քննարկեցինք համաժողովի կազմակերպչական հարցերը՝ հատկապես քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության ուղղությամբ։
Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել գործընկերներիս՝ արդյունավետ համագործակցության և Հայաստանի բնապահպանական օրակարգի առաջմղման գործում ցուցաբերած պատրաստակամության համար»,- գրել է նա։