Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության պատվիրակությանը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը:
«Շնորհակալություն հայտնեցի Գերմանիայի կառավարությանը մեր ոլորտին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը մեծապես նպաստում է Հայաստանի բնապահպանական քաղաքականության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձանք հայ–գերմանական արդյունավետ համագործակցությանը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում և մասնավորապես համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Անդրադարձ ենք կատարել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագրին, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26 միլիոն եվրո, ինչպես նաև՝ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան», «EU4Sevan» Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագրերին։
Ներկայացրել եմ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գործող Էկոպարեկային ծառայության համալրման ընթացքը։
Քննարկման առանցքում էին նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Այս համատեքստում կարևորել եմ միջազգային փորձի փոխանակումը, կազմակերպչական և տեխնիկական աջակցության հնարավորությունները, ինչպես նաև աջակցությունը համաժողովի կայունության և բնապահպանական չափանիշների ապահովման հարցում»,- գրել է նախարարը։