Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր հանդիսավորությամբ մեկնարկել է «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը, որը նախաձեռնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) հետ համագործակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Միջոցառումը նշանավորում է նոր և կարևոր փուլ Հայաստանի բնապահպանական քաղաքականության և միջազգային հանձնառությունների իրականացման ճանապարհին։ Այն հարթակ էր՝ մեկտեղելու պետական, ակադեմիական, միջազգային ու քաղաքացիական համայնքների ձայները՝ կենսաբազմազանության պահպանության համատեղ ջանքերն առավել համակարգված ու նպատակային դարձնելու համար։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարը՝ անդրադառնալով COP17 համաժողովի կարևորությանը, Հայաստանի պատրաստակամությանը և այն սկզբունքներին, որոնք առաջնորդում են երկրի բնապահպանական ռազմավարությունը։
Ելույթներով հանդես են եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայասատանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։
Նախարար Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում մասնավորապես նշել է․
«Հայաստանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիային միացել է դեռևս 1993 թվականին և այդ պահից ի վեր հետևողականորեն իրականացնում է իր պարտավորությունները։ Այսօր մեր երկիրը առաջնորդվում է Կունմին–Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակով՝ հստակ ռազմավարությամբ և գործողությունների ծրագրերով, որոնք ծառայում են որպես ոչ միայն քաղաքական ուղեցույց, այլև գործնական ճանապարհային քարտեզ։
Մինչև 2030 թվականը Հայաստանի տեսլականը հետևյալն է՝ դառնալ այն երկիրը, որտեղ կենսաբազմազանության պահպանումը դիտարկվում է ոչ թե որպես առանձին բնապահպանական խնդիր, այլ որպես ազգային անվտանգության, տնտեսական առաջընթացի և սոցիալական կայունության հիմնասյուն»։
Նախարարը իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, Կենսաբազմազանության կոնվենցիայի թիմին, ինչպես նաև բոլոր միջազգային ու տեղական գործընկերներին, գիտական հանրույթին, երիտասարդներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ իրենց ակտիվ ներգրավվածության, համատեղ տեսլականը կիսելու և արդյունավետ համագործակցության պատրաստակամության համար։
«Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը եզակի հնարավորություն է՝ համախմբելու ազգային ջանքերը և միջազգային հարթակներում բարձրաձայնելու Հայաստանի հավակնոտ, բայց իրատեսական օրակարգը՝ հանուն բնության, մարդկանց և ապագա սերունդների բարօրության։
Հայաստանը շարունակելու է այս կարևոր ճանապարհը՝ գիտակցելով, որ միայն համախմբված ուժերով հնարավոր է կերտել ավելի կանաչ, կայուն և կենսունակ ապագա։
Միջոցառմանը բանախոսություններով հանդես եկան ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն կենսաբազմազանության փորձագետ Արսեն Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ներկայացուցիչ, 2025-2030 թթ․ ԿԱՌԳԾ մշակող թիմի ղեկավար Արեգ Կարապետյանը։