Ասիական արժեթղթերի շուկայի ֆոնդերի կառավարիչները Հնդկաստանն անվանել են ամենաքիչ նախընտրելի շուկան, թեև երեք ամիս առաջ ամեն ինչ ճիշտ հակառակն էր թվում: Դա ցույց է տվել Bank of America-ի փորձագետների անցկացրած հարցումը։ Նրանց եզրակացությունները մեջբերել է Bloomberg-ը։
Ենթադրվում է, որ այս դինամիկայի պատճառը ամերիկա-հնդկական հարաբերությունների վատթարացումն է՝ կապված Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականության հետ: Ընդ որում՝ ներդրողների ամենաբարձր գնահատականները ստացել են Ճապոնիան և Չինաստանը, որոնք զբաղեցրել են, համապատասխանաբար, առաջին և երկրորդ տեղերը։ Տրամադրությունների նման փոփոխությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ներդրողները լուրջ մտահոգված են՝ կապված Հնդկաստանի ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշման հետ: Այդկերպ Նյու Դելին պատժվում է ռուսական նավթի գնումները դադարեցնելուց հրաժարվելու համար: Արդյունքում՝ համաշխարհային ֆոնդերը որոշել են հնդկական բաժնետոմսերից դուրս բերել մոտ 4 միլիարդ դոլար։
Ամերիկա-հնդկական հարաբերությունների լարվածության ֆոնին Հնդկաստանի վարչապետը ծրագրել է սեպտեմբերին ԱՄՆ-ում հանդիպել Թրամփի հետ:
«Սեպտեմբերի վերջին շաբաթում ԱՄՆ այցի պաշտոնական պատճառը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելն է, սակայն հիմնական նպատակներն են՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը, առևտրային հարցերի լուծումը և մաքսատուրքերի հարցում ընդհանուր դիրքորոշման հասնելը»,- հաղորդում է The Indian Express-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոս սակագներ էր սահմանել հնդկական ապրանքների համար՝ Նյու Դելիի կողմից ռուսական նավթ գնելու պատճառով։