Այսօր՝ օգոստոսի 5-ին, Մատենադարանիn հարակից տարածքում մեկնարկել է Ազգային երկրորդ երիտասարդական համաժողովը՝ «Միավորելով երիտասարդներին․ Հայաստան-Սփյուռք» խորագրով բարեգործական վազքարշավով։ Այդ մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Երիտասարդների հետ վազքարշավին մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ իր ընտանիքի հետ։
Վազքարշավը կազմակերպվել էր «IMAST» և «reArmenia» բարեգործական հարթակների հետ համագործակցությամբ։
Միջոցառման հանդիսավոր բացման ժամանակ մասնակիցներին ողջունել են վազքարշավի գործընկեր կազմակերպությունների՝ «IMAST» հարթակի մարքեթինգի բաժնի ղեկավար Դավիթ Միքայելյանը և «reArmenia»-ի գործառնական տնօրեն Մարիամ Վարդանյանը, և ներկայացրել իրենց հարթակներում իրականացվող բարեգործական նախաձեռնությունները և վազքարշավի խորհրդանշական ու նպատակային նշանակությունը։
Մոտ 3 կմ երկարությամբ երթուղով՝ Մատենադարանից մինչև Ստեփան Շահումյանի անվան հրապարակ, խորհրդանշական վազքարշավն ազդարարեց եռօրյա համաժողովի մեկնարկը՝ ընդգծելով Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, առողջ ապրելակերպի, ինչպես նաև բարեգործական նախաձեռնությունների մասին հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հիշեվնում են, որ ընդամենը մի քանի ժամ անց՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և հարակից Անգլիական այգու տարածքում, կմեկնարկեն Ազգային երկրորդ երիտասարդական համաժողովի առաջին օրվա զուգահեռաբար ընթացող տարբեր ձևաչափերի քննարկումները։