Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի, նրան ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը: Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին քննարկել են երկկողմ գործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ շփումների ընդլայնման հեռանկարը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Բանակցություններից հետո մամուլի ասուլիսում Բայրամովն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, նշել, որ խաղաղության լավ հեռանկար կա: Նրա խոսքով՝ մեծ նշանակություն ունեն երկու երկրի հասարակությունների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները:
«Երբ խոսում ենք հետհակամարտային կարգավորման մասին, բոլորս հասկանում ենք, որ այդ խնդիրը չի կարող լուծվել մեկ օրում կամ կարճ ժամանակահատվածում», - շեշտել է ադրբեջանցի դիվանագետը, հավելել՝ հարկավոր է նաև շարունակել երկկողմ հանդիպումները:
Խոսելով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին՝ Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում, ուստի այն պետք է փոխվի:
«Նաև պետք է լուծարվի Մինսկի խումբը», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Բոճորիշվիլին էլ հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմամբ և հետևողական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։
«Ուշադիր հետևում ենք Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը, հուսով ենք՝ մոտ ապագայում խաղաղության համաձայնագիրը կստորագրվի», - շեշտել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։