1-2 օր հոսանքի բացակայությունը կարող է վերածվել լրջագույն կոլապսի, և մենք դրա օրինակն ունենք Իսպանիայում: Քննությունը մինչև այսօր շարունակվում է, թե ինչպես տեղի ունեցավ, որ Իսպանիան բախվեց այդպիսի blackout-ի հետ: Դրա հետևանքներն իրոք կարող են անկանխատեսելի լինել: Հիմա չե՞ք ուզում, որ պետությունն ունենա միջոցներ՝ կանխարգելելու նման իրավիճակները: Այդ մասին Ազգային ժողովում ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց վերջինիս հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ վերջին տարիներին էներգետիկայի բնագավառում կոլապսի մասին խոսք չի եղել, ավելին՝ ՀԾԿՀ ղեկավարն ԱԺ-ում զեկուցումների ժամանակ դրական դինամիկայի մասին է խոսել, մինչդեռ այժմ խոսվում է ոլորտի «կոլապսի» մասին: Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է հիմա բերվել նախագիծը, և եթե չլինեին Սամվել Կարապետյանի և եկեղեցու հետ կապված իրադարձությունները, արդյոք այն կբերվե՞ր ԱԺ:
Վլադիմիր Վարդանյանը համաձայնեց՝ նախագիծն ուշացած է. «Շատ ժամանակավրեպ նախագիծ է: Շուտ պետք է բերվեր՝ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ: Այս խուժան գործընթացի մասին պետք էր ի սկզբանե ուշադիր լինել, պետք չէր պետության մեջ պետություն կառուցել: Այդ առումով համաձայն եմ, ուշացած է»:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկման համաձայն՝ 2024 թվականի պլանը հաստատվել է, ՀԾԿՀ-ն իրականացրել է ՀԷՑ-ի գործունեության վերահսկողություն, և խնդիր չի արձանագրել: 2025 թվականի պլանը ևս հաստատվել է, ուստի ի՞նչ տեղի ունեցավ, որ արձանագրվում է, թե ՀԷՑ-ը խախտումներով է աշխատում:
Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց՝ ՔՊ-ի այս նախաձեռնությունը ճիշտ չէ կապել Սամվել Կարապետյանի հետ, և որ նախագծում ՀԷՑ-ի մասին ոչինչ գրված չէ. «Նախագիծը մի բանի մասին է, այն է՝ տալ հնարավորություն խախտումների առկայության պարագայում ժամանակավոր օպերատիվ միջամտություն իրականացնել»: