Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սրվել են: Ադրբեջանի իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում, ձերբակալել գործակալության երկու աշխատակցի, որոնք ըստ ադրբեջանալան լրատվամիջոցների, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գործակալներ են: Պետական մարմինները դեռ չեն հաստատել այդ լուրը:
Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության՝ «Սպուտնիկ Ադրբեջանի» գործունեությունը հանրապետությունում դադարեցվել էր դեռ փետրվարին, սակայն գերատեսչությունը տեղեկություն է ստացել, թե հրատարակությունը գործունեությունը շարունակում է անօրինական ֆինանսավորման հիման վրա: Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն՝ կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության հետ: Ադրբեջանում ուժայինների գործողությունը տեղի է ունեցել Ռուսաստանում ադրբեջանցիների ձերբակալությունների պատճառով Բաքվի և Մոսկվայի միջև լարվածության ֆոնին:
Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ Եկատերինբուրգում օրերս իրականացված հատուկ գործողությունը կապված էր 2001 թվականին տեղի ունեցած սպանությունների հետ: Ռուսաստանի իրավապահները կատարել էին խուզարկություններ և ձերբակալություններ: Գործողության ընթացքում երկու մարդ էր մահացել: Ռուսաստանի քննչական կոմիտեն որպես նրանցից մեկի մահվան պատճառ է հայտնել սրտային անբավարարությունը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ հայրենիք վերադարձվելուց հետո նոր դատաբժշկական փորձաքննություն կանցկացվի: Ադրբեջանի արտգործնախարությունը Ռուսաստանին կոչ է արել հետաքննություն անցկացնել և բողոքի նոտա է փոխանցել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին:
Բացի այդ, չեղարկվել է Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակության մասնակցությունը Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։
Ադրբեջանում չեղարկվել են նաև պետական ու մասնավոր ձևաչափերով համաձայնեցված ռուսական միջոցառումները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ իրավապահ մարմինների գործողությունները չպետք է առիթ հանդիսանան դիվանագիտական դեմարշների համար:
Այս ամենի ֆոնին՝ Ռուսաստանի մի շարք շրջաններում նոր զանգվածային ռեյդեր են անցկացվել՝ անօրինական միգրատների բացահայտման համար: Բերման ենթարկվածների մեջ կան նաև Ադրբեջանի քաղաքացիներ: Ադրբեջանական կողմը տեղի ունեցածը համարում է կանխամտածված՝ այն որակելով ադրբեջանցիների հերթական թիրախավորում:
Միջազգային նորությունները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։