ԱՄՆ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ խոսել է Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների արդյունավետության մասին: Փիթ Հեգսեթն ամերիկյան հարվածները բնութագրել է որպես պատմական հաջող հարձակում՝ հավելելով՝ Վաշինգտոնը ոչնչացրել է Իրանի միջուկային հնարավորությունները: Նա կրկին քննադատել է լրատվամիջոցներին այն հրապարակումների համար, թե հարվածները լուրջ վնաս չեն հասցրել Իրանի միջուկային ծրագրին:
Պենտագոնի ղեկավարը վկայակոչել է բազմաթիվ գնահատումներ, որ տվել են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը: Նա նշել է, որ ըստ ԱԷՄԳ-ի՝ Իրանի միջուկային ծրագրին ահռելի վնաս է պատճառվել: Իրանական միջուկային օբյեկտներին հասցված լուրջ վնասների մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը:
Ըստ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ հուսալի աղբյուրներից ստացվել են նոր հետախուզական տվյալներ, համաձայն որոնց իրանական միջուկային կարևոր օբյեկտներից մի քանիսը ոչնչացվել են, և դրանց վերականգնման համար տարիներ կպահանջվեն: Ամերիկյան կողմի այս գնահատումները հակասում են Իրանից հնչող հայտարարություններին:
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին 12-օրյա պատերազմի ավարտից հետո իր առաջին տեսաուղերձում հայտարարել է, որ երկրի միջուկային օբյեկտներին հարվածելով՝ ԱՄՆ-ին չի հաջողվել նշանակալի որևէ բանի հասնել: Իրանի գերագույն առաջնորդը նաև սպառնացել է ավելի շատ հարվածներ հասցնել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին՝ նշելով՝ նոր հարձակման դեպքում ագրեսորը ծանր գին կվճարի:
Միջազգային նորությունները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։