Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված այս հեղաշրջման հերթական փորձն այլևս նորություն չէ։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:
«Գրեթե միշտ նույն շրջանակներն են, նույն անփույթ ձեռագրով, այս անգամ նաև եկեղեցական քողի տակ, նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն։ Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և դրան հաջորդած բոլոր տարիներին, այսօր էլ փորձում են օգտվել երկրի անվտանգության բարդ իրավիճակից ու հարվածել թիկունքից։
Եվ ամենակարևորը՝ նրանք դեռ միամտաբար մեր համբերությունն ու զսպվածությունը շփոթում էին թուլության հետ, բայց կրկին սխալվեցին։
Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. եկել է հատուցման ժամանակը։
Եվ ոչ մի «արտաքին ուժային կենտրոն» ձեզ այլևս չի փրկի»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի
հաղորդագրությունը:
ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.
«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ: