«Երևի (իշխանությունները) ինչ-որ վախեր ունեն». այսպես է այսօր Նաթան սրբազանը մեկնաբանել Բագրատ սրբազանի ձերբակալությունը: Այդ մասին ասված է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի Ֆեյսբուքի էջում:
«Այո, Գերաշնորհ Տեր, իրոք որ, վախեր ունեինք: Վախենում էինք, որ ձերոնք յուղը կօրհնեին, հետո կլցնեին քաղաքացիների ավտոմեքենաների վրա, կվառեին, հետո մարդկանց կգյուլլեին:
Իսկ հիմա էլ վախեր չունենք, որովհետև սրբապիղծների հեղաշրջումը կանխված է: Ձեզ էլ խորհուրդ կտամ այսուհետ 10 անգամ մտածել խոսելուց առաջ: Դուք, ի տարբերություն Աջապահյանի, դրան ունակ եք»,- նշված է գրառման մեջ:
ՔԿ-ն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի
հաղորդագրությունը:
ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝
ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները:
Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.
«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ: