Իսրայելը և Իրանը գիշերվանից փոխադարձ հարվածներ են հասցնում: Ցահալը հրթիռակոծել է Թեհրանը, Սպահանը, Թավրիզը, Շիրազը, Քերմանշահը և այլ բնակավայրեր. նշվում է, որ խոցվել են մի քանի տասնյակ ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ հրթիռների արտադրություններ: Թիրախում են հայտնվել Թեհրանի հիվանդանոցներից մեկը, ինչպես նաև միջուկային հետազոտությունների կենտրոնակայանը:
Իրանի առողջապահության նախարարության տվյալով՝ հունիսի 13-ից վիրավորվել է առնվազն 2800 քաղաքացի: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է Իրանի Արաքի միջուկային ռեակտորը, կա «ճառագայթային վթարի» վտանգ:
Նաև գործակալությունից հայտարարել են, որ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկի պահին Իրանը միջուկային զենքի ստեղծմամբ չի զբաղվել: Իրանն էլ հրթիռակոծել է Իսրայելի տարածքը, մասնավորապես նավահանգստային Հայֆա քաղաքը և Բեեր Շեբան, կան վիրավորներ: Պահպանվում է հակամարտությանը Միացյալ Նահանգների ներգրավման մտավախությունը:
Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը համապատասխան որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Քերոլայն Լևիտի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ դեռ Իրանի հետ բանակցությունների հավանականություն կա: Նա տեղեկացրել է, որ Թեհրանի հետ շփումները շարունակվում են:
Reuters-ի տվյալով՝ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտգործնախարարն արդեն մի քանի հեռախոսազրույց են ունեցել: Էսկալացիայի ֆոնին Թեհրանում ցույցեր են անցել, մարդիկ այրել են Իսրայելի և Միացյալ Նահանգների դրոշները, աջակցություն հայտնել Հրեական պետության հրթիռակոծությանը: Զուգահեռ, Իսրայելից կոչ են արել թեհրանցիներին տարհանվել:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հորդորել է ֆրանսիացիներին լքել Իրանի տարածքը, նա տեղեկացրել է, որ առանց վիզայի հնարավոր է այցելել Հայաստան և Թուրքիա, որոնց սահմաններին համապատասխան խմբեր են աշխատում:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։