Չինաստանի Շենժեն քաղաքում Հայաստանից ժամանած լրագրողները եղան նաև BYD (Build Your Dreams - «Կառուցիր քո երազանքները») ընկերությունում: Հնարավորություն ունեցան փորձարկելու 2024 թվականին ներկայացված և միայն էլեկտրական էներգիայով աշխատող առաջին սուպերմեքենան՝ YANGWANG U9-ը։
Այն միավորում է մրցուղային հզորությունը, քաղաքային հարմարավետությունը և խաղային հնարավորությունները շնորհիվ իր երկու առաջատար տեխնոլոգիաների՝
-
e4 պլատֆորմն ապահովում է 4 անիվի անկախ շարժում, գերազանց արագացում և կառավարում,
-
DiSus-X ինտելեկտուալ կորպուսային կառավարման համակարգը թույլ է տալիս մեքենային նույնիսկ «ցատկել», հավասարեցվել անսովոր տեղանքին կամ «պարել» ուղիղ տեղում:
YANGWANG U9-ը արժեքը 1.68 միլիոն յուան է (մոտ 232 հազար դոլար)։ BYD տեղեկացնում է՝ առաքումները կմեկնարկեն այս ամռան ընթացքում։
BYD-ն միջազգային բարձր տեխնոլոգիական ընկերություն է, որն առաջնորդվում է կանաչ ու կայուն ապագայի գաղափարով։ Նրա գործունեությունը ընդգրկում է չորս հիմնական ճյուղ՝
-
ավտոմոբիլային արդյունաբերություն.
-
էլեկտրոնիկա.
-
նոր էներգիա և վերականգնվող էներգիայի պահեստավորում.
-
երկաթուղային տրանսպորտ (SkyRail և SkyShuttle):
BYD-ը hիմնադրվել է 1994 թ.` որպես մարտկոցներ արտադրող ընկերություն և ունեցել ընդամենը 20 աշխատակից: Այսօր BYD-ում շուրջ 969 հազար մարդ է աշխատում: BYD-ն համարվում է աշխարհում ամենաարագ զարգացող ավտոմոբիլային ընկերությունը: Նոր էներգիայով աշխատող տրանսպորտային միջոցների և մարտկոցների առաջատար արտադրողն է: Ընկերության նոր էներգիայի մեքենաները (էլեկտրական ու հիբրիդային) վաճառվում են ավելի քան 104 երկրում։ BYD-ի ուղերձը պարզ է՝ «Թող տեխնոլոգիան ծառայի բնությանը»։ Ընկերությունը մտադիր է շարունակել իր զրոյական արտանետում ունեցող էներգետիկ համակարգի ներդրումը ամբողջ աշխարհում։ Այն կոչված է կրճատելու կախվածությունը ֆոսիլ վառելիքից՝ միաժամանակ պահպանելով նորարարության և հասանելիության բարձր մակարդակ։
Հեղինակ՝ Աննա Զախարյան