Կարծում եմ՝ վարչապետի և այցերի օրակարգերի վերաբերյալ մեկնաբանությունները ճիշտ կլինի, որ վարչապետի աշխատակազմը տա, այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չեմ կարող տալ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք հետաքրքրվում էին՝ արդյոք մեկնելո՞ւ է ՀՀ վարչապետը Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման, և երբ:
Պատգամավորը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններ կատարել թեմայի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե Իսրայել-Իրան հակամարտության հետևանքով հավելյալ ռիսկեր կարող են առաջանալ Ադրբեջանի կողմից, որը կարող է ուժով լուծել միջանցքի հարցը, Խանդանյանը նկատեց՝ տարածաշրջանում ցանկացած լարում, այն էլ՝ Հայաստանի սահմանակից երկրում, բնականաբար, առաջացնում է մտահոգություններ, որ անվտանգային իրավիճակն ընդհանրապես կարող է լարվել տարածաշրջանում:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանը, ես պիտի շարունակեմ պնդել, որ Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ և լեգիտիմություն Հայաստանի վրա որևէ կերպ ագրեսիա սկսելու համար»,- նշեց պատգամավորը՝ նկատելով, որ անվտանգային միջավայրը միանգամայն տարբեր էր 2022-ին և 2025-ին:
Նա հիշեցրեց՝ երկու երկրներն ունեն խաղաղության պայմանագրի պատրաստի տեքստ, որը Հայաստանը պատրաստ է այսօր ստորագրել:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ արդյոք Ադրբեջանն է՞լ է պատրաստ փաստաթղթի ստորագրմանը, նշեց՝ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է:
«Հայաստանն աշխատում է և շարունակում է բանակցությունները և քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու համար»,- ասաց նա:
Լրագրողները պատգամավորին հիշեցրին Իսրայել-Իրան լարվածության ֆոնին Ադրբեջանի նախագահի օգնականի՝ օրերս արած հայտարարությունը, որը դարձյալ խոսել էր միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի ակնկալիքների մասին, ինչին ի պատասխան՝ Խանդանյանն ասաց հետևյալը. «Դուք գիտեք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանն ունի իր հստակ պատկերացումը: Մեծ հաշվով, դա «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է: Նաև Հայաստանը հստակ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին Ադրբեջանից դեպի Նախիջևան և Հայաստանից Հայաստան, այսինքն՝ Հայաստանի կենտրոնական շրջաններից դեպի Մեղրի՝ Նախիջևանի տարածքով անցման իր պատկերացումը: Այդ պատկերացման առաջարկի դետալները վարչապետ Փաշինյանը վերջերս ներկայացրել է «Երևանյան երկխոսության» իր ելույթում: Եվ այս առաջարկի հետ կապված՝ Ադրբեջանը մինչ օրս դեռևս պաշտոնական արձագանք չի տվել»:
Նրա կարծիքով՝ այս առաջարկը չափազանց լավն է, և այն կլուծի ճանապարհների ու կոմունիկացիաների բացման խնդիրը, որից կշահեն երկու երկրները ու ամբողջ տարածաշրջանը: