Չափազանց մտահոգիչ և դատապաարտելի է Իսրայելի հարձակումը Իրանի վրա, և այն իրավիճակը, որն ընթանում է, ցավոք սրտի, դադար չի առնում: Սա շատ մտահոգիչ է ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտությանը:
Խանդանյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի կրակը դադարեցնել և վերադառնալ բանակցություններին, որովհետև Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները հույս էին ներշնչում, որ հնարավոր կլինի բանակցային եղանակով գալ հայտարարի և լուծել խնդիրները:
«Բայց, ցավոք սրտի, մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ասաց՝ տեղյակ է, որ ՀՀ կառավարությունը և Անվտանգության խորհուրդը տարբեր ձևաչափերով քննարկումներ անցկացնում են՝ օպերատիվ հետևելով իրավիճակին:
«Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկումներ մշտապես են տեղի ունենում: Եթե Հայաստանին առնչվող որևէ բան լինի, բնականաբար, կլինի օպերատիվ արձագանք»,- հավելեց Խանդանյանը:
Ինչ վերաբերում է Իրանի վրա Իսրայելի հարձակման ֆոնին ռիսկերի գնահատմանը, ասաց՝ Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք ուսումնասիրում են ստեղծված իրավիճակը ու դրանից բխող քայլերն արվում են:
«Անընդհատ տարվում է աշխատանք, ուսումնասիրվում է իրավիճակը, տրվում են գնահատականներ ու հնարավոր հակազդման քայլերը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Իրանի և Իսրայելի հակամարտության ֆոնին երկու երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հնարավոր տարհանմանը, պատգամավորը նշեց՝ այս պահին նման տեղեկատվություն չունի:
«Կարծում եմ՝ եթե նման խնդիր առաջանա, ցավոք սրտի, մենք ունենք նման փորձառություն՝ տարբեր պատերազմների, ռազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին, օրինակ՝ Սիրիայում, օգնություն տրամադրելու կամ որևէ կերպ նրանց խնդիրները լուծելու:
Այս պահին նման ահազանգ չկա, բայց եթե անհրաժեշտություն լինի, Հայաստանի համապատասխան ինստիտուտները, գերատեսչությունները կարձագանքեն»,- նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: