Խիստ նախնական տեղեկությամբ՝ պայթյունը գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել: Այդ մասին Ճամբարակում՝ պայթյունի վայրում գտնվող «Լուրերի» թղթակցին ասաց ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
«Նոր փլուզման վտանգ այս պահին չենք կարող գնահատել: ՆԳՆ սեյսմիկ ծառայությունը շենքի գնահատականն է տալիս Քաղաքաշինության կոմիտեի մասնագետների հետ»,- նշեց նա:
Ցուցուլյանը հայտնեց, որ զոհերը եղել են թե՛ այն բնակարանից, որտեղ պայթյունը եղել է, և թե՛ հարևան բնակարաններից:
Ինչ վերաբերում է որոնվող անհետ կորած վերջին անձին, ապա ՆԳՆ ՓԾ տնօրենը նշեց, որ ճշտված տվյալների համաձայն՝ 5-րդ անձը եղել է շենքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական
տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ: